Բնակարանի ջեռուցման ծախսերի վրա, մակերեսից բացի, ազդում են պատուհանների որակը, հարկը և բնակարանի անկյունային լինելը։ Գումարը կախված է նաև նրանից, թե սենյակներում սովորաբար ինչ ջերմաստիճան են պահպանում։
Երևանի բնակարաններում օգտագործում են գազի կաթսա, օդորակիչ կամ էլեկտրական տաքացուցիչ, հայտնում է reloarm.com կայքը։ Գազը շարունակում է մնալ Հայաստանի տնային տնտեսությունների հիմնական վառելիքը։
Wse.am կայքը գազի կաթսան համարում է ամենատարածված և խնայող տարբերակը։ Պատի կաթսան տեղադրում են բնակարանում և միացնում ջեռուցման մարտկոցներին, որոնք ջերմությունը բաշխում են սենյակներում։ Հայաստանում գազը համեմատաբար էժան է։
Ամբողջ բնակարանը ջեռուցող կաթսայի հետ մեկտեղ ննջասենյակում նաև օդորակիչ են օգտագործում։ Էլեկտրական տաքացուցիչները կայքը ներկայացնում է որպես ամենաթանկ տարբերակ, որն օգտագործում են հիմնականում որպես ջերմության պահուստային աղբյուր։
Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը կենտրոնացված ջերմամատակարարման առաջատարներից էր, հայտնում է reloarm.com կայքը։ «Էներգախնայողության դաշինքի» համար պատրաստված «Հայաստանի քաղաքային ջեռուցման քաղաքականության գնահատում» զեկույցի տվյալներով՝ կենտրոնացված ջեռուցումն ընդգրկում էր ամբողջ բնակֆոնդի 55%-ը և բազմաբնակարան շենքերի 90%-ը։
Ինչպես հայտնում է reloarm.com կայքը, ջեռուցման համար դադարել էին վճարել, իսկ կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերն անկում էին ապրել։ Երևանի կաթսայատների մեծ մասի աշխատանքի վերջին շրջանը 2003/2004 թվականի ջեռուցման սեզոնն էր։ Այդ պահին ընդգրկումը կազմում էր 1990 թվականի մակարդակի 6%-ը։