Հայաստանն Իրանին հավաստիացրել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը չի հանգեցնի սահմանների փոփոխության և չի նախատեսում տարածաշրջանում ամերիկացի զինվորականների տեղակայում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Թասնիմ» գործակալությանը։ Դիվանագետի խոսքով՝ նախագծին մասնակցելու են միայն հայկական ընկերություններ։
Արտատարածաշրջանային ուժերի, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունը միայն անվտանգության սպառնալիքներ է ստեղծել։ Թեհրանը, չնայած Հայաստանի հետ լավ հարաբերություններին, ուշադիր հետևելու է իրավիճակի զարգացումներին։
Թեհրանն աջակցում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Բաղայիի խոսքերը փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ Իրանը պնդում է, որ նման նախագծերը պետք է պահպանեն միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը։
ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը «Թրամփի ուղու» զարգացման հարցերով եռակողմ տեխնիկական խումբ են ստեղծել, ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Խմբի նպատակն է ամրապնդել երկարաժամկետ կայունությունը, զարգացնել տնտեսական ակտիվությունն ու առևտուրը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև կապերը։
2025 թվականի օգոստոսին երեք երկրների ղեկավարները հռչակագիր են ստորագրել, որով Երևանը Վաշինգտոնի և երրորդ կողմերի հետ պետք է մշակեր նախագծի շրջանակը։ Այն ենթադրում է ավտոմոբիլային, երկաթուղային և նավթագազային ենթակառուցվածքների կառուցում։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի 42 կմ երկարությամբ հատվածը պետք է Ադրբեջանի հիմնական տարածքը կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ապահովի հետագա ելքը դեպի Թուրքիա։