2026 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստանի 111 235 քաղաքացի մուտք է գործել Ռուսաստան՝ որպես այցի նպատակ նշելով աշխատանքի տեղավորվելը։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Այս մասին, ըստ News.am-ի, վկայում են ՏԱՍՍ-ի ուսումնասիրած նյութերը։
Ցուցակը գլխավորել է Ուզբեկստանը, որտեղից աշխատանքի նպատակով ժամանել է 1 535 026 մարդ։ Հայաստանից առաջ են նաև Տաջիկստանը՝ 665 892 քաղաքացով, Ղրղզստանը՝ 289 061, Ղազախստանը՝ 176 037 և Չինաստանը՝ 127 176 քաղաքացով։
Հայաստանին հաջորդում է Ադրբեջանը․ այդ երկրի 83 991 քաղաքացի աշխատանքն է նշել որպես այցի նպատակ։ Ռուսաստան է մուտք գործել նաև Հնդկաստանի 38 816 և Թուրքմենստանի 19 038 քաղաքացի։ Տասնյակը եզրափակել է Թուրքիան, որտեղից ժամանել է 12 873 մարդ։
Ուզբեկստանն առաջատար էր նաև 2025 թվականի հունվար–սեպտեմբերին, երբ աշխատանքի տեղավորվելու նպատակով Ռուսաստան էր ժամանել այդ երկրի 1 771 406 քաղաքացի։ 2026 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը նվազել է 236 380-ով։ Ուզբեկստանն առաջին տեղն էր զբաղեցրել նաև 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։