Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ վիճել Ռուսաստանի հետ և կշարունակի բարեկամական երկխոսությունը։ Նրա խոսքերը ներկայացնում է «ՈւՐԱ»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

Պատասխանելով Մոսկվային հնարավոր զիջումների մասին հարցին՝ Փաշինյանն առաջարկել է խոսել այնպիսի լուծումների մասին, որոնք կողմերից ոչ մեկին չեն վնասի։ Նա հայ-ռուսական հարաբերությունները բազմաշերտ է անվանել և ընդգծել, որ այդ հարաբերությունների տարբեր ուղղությունները փոխկապակցված են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վարչապետի գնահատմամբ՝ երկրների միջև լարվածությունը նվազում է Հայաստանի բարեկամական դիրքորոշման շնորհիվ։ Նա համոզված է, որ կուտակված հարցերը լուծումներ ունեն։

Փաշինյանը փոխընդունելի լուծումների որոնումն անվանել է Ռուսաստան առաջիկա այցի գլխավոր նպատակը։ Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք ռուսական սահմանափակումների վերացումն այցի նպատակների թվում է։ Վարչապետն ավելի վաղ հայտնել էր դեկտեմբերի 3-ին նախատեսված այցի և Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս այցելել է Մոսկվա։ Փաշինյանը նրա բանակցությունները կառուցողական է անվանել և հայտնել, որ կողմերը քննարկում են գաղափարներ ու կշարունակեն համատեղ աշխատանքը՝ հնարավոր լուծումներ գտնելու համար։