FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի դպրոցականները ծանոթացել են Ucom-ի աշխատանքին

«Արհեստական բանականության սերունդ» կամ «ԱԲ սերունդ» ծրագրի 15 դպրոցականներ այցելել են Ucom և ծանոթացել հեռահաղորդակցական ընկերության աշխատանքին։ Այցը կայացել է ընկերության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համագործակցության շնորհիվ, հայտնում է «168» պարբերականը։

Դպրոցականներին ողջունել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի ապագան մեծապես կախված է նրանից, թե երիտասարդներն այսօր ինչ են սովորում և ինչ հմտություններ են ձեռք բերում։ Նրա պարզաբանմամբ՝ ընկերությունը ձգտում է ուսումը կապել գործնական փորձի հետ՝ օգնելով դպրոցականներին ճանաչել ոլորտն ու կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։

Այցի ընթացքում դպրոցականներին ներկայացրել են Ucom-ի ստեղծման ու զարգացման պատմությունը, գործունեությունը և որպես սոցիալապես պատասխանատու բիզնեսի նախաձեռնությունները։ Նրանք նաև տեղեկացել են, թե ընկերությունում ինչ աշխատանք կարող են կատարել, ինչպես կարող են մասնագիտական աճ գրանցել և ինչ հմտություններ են պահանջված տեխնոլոգիական ոլորտում։

Ucom-ն ու FAST-ը համագործակցում են «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում, որպեսզի դպրոցականներն ուսումնասիրեն արհեստական բանականությունն ու բնապահպանական նոր լուծումներ մշակեն։ Մասնակիցները 3 տարի սովորում են ավագ դպրոցի մասնագիտացված դասարաններում՝ մշակելով արհեստական բանականության ոլորտում սեփական նախագծերը և սովորելով կիրառել գիտելիքները՝ իրական խնդիրներ լուծելու համար։

Ucom-ն աջակցել է ծրագրին, իսկ դրա նախագծային բաղադրիչը նվիրվել է բնապահպանությանը։ 2026–2027 ուսումնական տարում ծրագրի մասնակիցները կմշակեն 10 նախագիծ՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին համապատասխան բնապահպանական խնդիրներ լուծելու համար։