ՀԱՊԿ-ն իր կազմից Հայաստանին հեռացնելու հարց չի բարձրացնում, իսկ հանրապետության համար շարունակում են գործել հավաքական անվտանգության երաշխիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
Հայաստանի նկատմամբ ստիպված են եղել կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, քանի որ դա էր պահանջում ֆինանսական կարգապահությունը։ Երևանը 2024 թվականից անդամավճարները չի փոխանցում։ Եթե պարտքը չի մարվում ավելի քան 2 տարի, սահմանափակվում է երկրի՝ քվեարկելու և քվոտայով հատկացվող պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքը։ Ավելի վաղ Մոսկվայում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Հայաստանին զրկել էին ձայնի իրավունքից և արգելել նրան իր ներկայացուցիչներին առաջադրել պատասխանատու պաշտոնների համար։
ՀԱՊԿ-ն Երևանին է թողնում որոշելու իրավունքը, թե արդյոք Հայաստանը կմասնակցի կազմակերպության աշխատանքներին։ Կազմակերպությունը մտադիր չէ սրել իրավիճակը, բայց չի կարող անտեսել այն փաստը, որ իր անդամներից մեկը չի մասնակցում համատեղ աշխատանքներին։