AccuWeather-ի՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ Երևանի օդի աղտոտվածությունը հասել է այնպիսի մակարդակի, որը վտանգավոր է բարձր զգայունություն ունեցող մարդկանց համար։ Ծառայությունն օդի ընդհանուր որակը գնահատել է վատ։
Վատ գնահատական են ստացել 2,5 միկրոմետրից և 10 միկրոմետրից փոքր տրամագծով մասնիկները։ Ազոտի երկօքսիդի ցուցանիշով ծառայությունն օդի որակը գնահատել է միջին, իսկ գետնամերձ օզոնի ցուցանիշով՝ գերազանց։ Այս տվյալներն արտացոլում են ընթացիկ իրավիճակը և առաջիկա շաբաթների կանխատեսում չեն։ Գնահատականին կարելի է հետևել եղանակային ծառայության՝ Երևանի օդի որակի էջում։
Ներշնչելիս 2,5 միկրոմետրից փոքր մասնիկները կարող են ներթափանցել թոքեր և արյունատար համակարգ։ Դրանք առավել լուրջ ազդեցություն են ունենում սրտի և թոքերի վրա։ Նման մասնիկները կարող են ասթմայի սրացում առաջացնել, ինչպես նաև հանգեցնել շնչուղիների քրոնիկ հիվանդությունների։
10 միկրոմետրից փոքր մասնիկներից նրանք, որոնց չափը գերազանցում է 2,5 միկրոմետրը, կարող են նստել շնչուղիներում։ Դրանց ազդեցությունը կարող է հազ և աչքերի գրգռվածություն առաջացնել, իսկ հաճախակի ու տևական ազդեցությունը սպառնում է առողջության համար ավելի լուրջ հետևանքներով։ Եթե դրսում շնչելը դժվարանում է կամ կոկորդում գրգռվածություն է առաջանում, ծառայությունը խորհուրդ է տալիս կրճատել բացօթյա գտնվելու ժամանակը։