ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում պաշտպանական բարեփոխումներին, Երևանում կայացած երկկողմ խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Էնդրյու Լումիսը։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Երկկողմ խորհրդակցությունները կայացել են սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում։ Դրանց մասնակցել են գերատեսչության և Պենտագոնի ներկայացուցիչները, ինչպես նաև Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարը։
Խոսելով օգնության ուղղությունների մասին՝ Լումիսը նշել է խորհրդատվական աջակցությունը, փորձի փոխանակումն ու այլ ոլորտներում աջակցության ծրագրերը։ Նա հայտարարել է, որ բարեփոխումների շրջանակում ԱՄՆ-ն «իր բոլոր ռեսուրսները» կուղղի հայկական բանակի վերափոխմանը։