Ղրիմում պետական դավաճանության կասկածանքով տղամարդու են ձերբակալել, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Գերատեսչության վարկածով՝ նա տեղեկություններ է փոխանցել, որոնք ուկրաինական կողմը կարող էր օգտագործել ռուս զինվորականներին հարվածներ հասցնելու համար։

ԱԴԾ աշխատակիցները տղամարդուն ձերբակալել են Սիմֆերոպոլի մերձակայքում, երբ նա հերթական անգամ թաքստոցից վերցնում էր ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչները։ Ձերբակալվածը ծնվել է 1971 թվականին Սումիի մարզում, նա 55 տարեկան է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել է 2024 թվականին, սակայն դրանից հետո էլ շարունակել է համագործակցել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։

Տղամարդը, լինելով Ուկրաինայի քաղաքացի, սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ։ Իր համակարգողի հանձնարարությամբ նա հավաքել և ուկրաինական կողմին է փոխանցել տեղեկություններ Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման վայրերի և Ղրիմում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտական դիրքերի մասին։

Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի ԱԴԾ վարչության քննչական բաժինը ձերբակալվածի դեմ գործեր է հարուցել պետական դավաճանության, լրտեսության և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի հետ կապված ապօրինի գործողությունների համար՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275, 276 և 222.1 հոդվածներով։ Դատարանը տղամարդուն կալանավորել է։