Լիխաչովն ու Փաշինյանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելու հարցը

«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում քննարկել են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հարցը։ Հանրապետության ղեկավարությունն առանձին դիտարկում է կայանը մինչև 2046 թվականը շահագործելու հնարավորությունը, այցից հետո հայտնել է Լիխաչովը։

Հանդիպմանը պետական կորպորացիայի ղեկավարը հայտնել է, որ կայանի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի առաջին փուլն արդեն ավարտվել է։ Այդ փուլի արդյունքներով էներգաբլոկը շահագործումը շարունակելու թույլտվություն է ստացել։

Հանդիպման մյուս թեման Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումն էր, հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտնել է «Ռոսատոմը»։ Կորպորացիան հանրապետությանն առաջարկում է մեծ, միջին և փոքր հզորության էներգաբլոկներով տեխնոլոգիաներ։ Կորպորացիայի առաջարկած տարբերակների թվում նշվել է ՎՎԷՌ-1000-ը։

Այցից հետո ճեպազրույցում Լիխաչովը հայտնել է, որ կորպորացիան առաջարկել է կայանը կառուցել միջազգային կոնսորցիումի ձևաչափով։ Նրա խոսքով՝ նոր էներգաբլոկի հզորությունը պետք է լինի առնվազն 1 ԳՎտ։

Առաջիկա ամիսներին «Ռոսատոմը» պետք է պատրաստի առավել մրցունակ առաջարկը։ Կառուցման գործընկերներին կընտրի Հայաստանի կառավարությունը, որը նաև կսահմանի նոր կայանի տեխնիկական նկարագիրը։