Տնտեսագետը գնահատել է հայկական մրգերն Օման մատակարարելու հեռանկարները

Հայաստանի համար դժվար կլինի զգալիորեն ավելացնել մրգերի և հատապտուղների արտահանումը դեպի Օման, քանի որ փոխադրումն ավելացնում է մատակարարների ծախսերը և մատակարարումների խափանման վտանգ ստեղծում։ Տնտեսագետ Լեոնիդ Խոլոդի այս գնահատականը հոկտեմբերի 31-ին հրապարակել է «МК» պարբերականը՝ հղում անելով URA.RU-ին։

Խոսելով փոխադրման հնարավոր երթուղիների մասին՝ Խոլոդը նշել է Իրանը և Պարսից ծոցի հյուսիսային հատվածը։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով փոխադրումը դժվար է, իսկ տրանսպորտային ծախսերը բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը։ Թանկարժեք, շուտ փչացող ապրանքների համար կարող է անհրաժեշտ լինել օդային փոխադրում։

Ինչպես հաղորդում է «МК»-ն, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտնել էր դեպի Օման ծիրանի, կեռասի, դեղձի, նեկտարինի և ելակի արտահանման մեկնարկի մասին։ Հայաստանը նախատեսում է ավելացնել մատակարարումները և արտահանվող տեսականին համալրել խնձորով, խաղողով ու այլ մրգերով և հատապտուղներով։

Խոլոդը կարծում է, որ հայկական արտադրանքը կարող է մրցակցել այլ երկրների ապրանքների հետ։ Սակայն Օման մատակարարվող ծավալները դեռ փոքր են։ Տնտեսագետի գնահատմամբ՝ դեռ վաղ է Օմանի շուկան համարել ռուսական ուղղության լիարժեք փոխարինող։