«Ազիմուտի» ինքնաթիռը տագնապի ազդանշան տալուց հետո վերադարձել է Երևան
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևանից Միներալնիե Վոդի մեկնող ինքնաթիռը հոկտեմբերի 29-ին տագնապի ազդանշան է տվել և վերադարձել Հայաստանի մայրաքաղաքի օդանավակայան։ Այս մասին նույն օրը հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդային երթևեկության կառավարման ծառայություններում իր աղբյուրին։
Գործակալության վկայակոչած Flightradar-ի տվյալներով՝ ինքնաթիռն ազդանշանը փոխանցել է թռիչքից մոտ 20 րոպե անց։ Ինչպես հայտնել է «Օստորոժնո, նովոստի»-ն, A4 6030 չվերթն իրականացրել է Superjet ինքնաթիռը։ Այն փոխանցել է 7700 կոդը, որը նշանակում է արտակարգ իրավիճակ։
Վերադառնալուց առաջ ինքնաթիռը պտույտներ է կատարել Երևանի երկնքում։ Flightradar-ում դրա թռիչքին հետևել է ավելի քան 9 հազար մարդ։ Թարմացված հաղորդագրության մեջ «Օստորոժնո, նովոստի»-ն հստակեցրել է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ժամը 14:24-ին։
Ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի նախնական գնահատականները տարբեր էին։ Baza-ի սկզբնական տվյալներով՝ ինքնաթիռում կարող էր լինել մոտ 108 մարդ։ «Կոմերսանտը», հղում անելով «Զվեզդային», հայտնել է մոտ 100 մարդու մասին։
Հայաստանում «Ազիմուտի» ներկայացուցիչը վերադարձի պատճառ է նշել օդորակման համակարգի խնդիրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փոխադրողի ներկայացուցչի նախնական գնահատմամբ՝ լուրջ խնդիր չի եղել, սակայն ինքնաթիռը մանրակրկիտ կզննեն՝ պատճառը պարզելու համար։ «Ազիմուտը» պահեստային ինքնաթիռ է պատրաստում, որը ուղևորներին կհասցնի Միներալնիե Վոդի։