Իրավապաշտպանները զեկույց են ներկայացրել հայկական ժառանգության ոչնչացման և Արցախ վերադարձի խոչընդոտների մասին

Իրավապաշտպան կազմակերպությունները համատեղ զեկույց են հրապարակել Արցախի հայկական ժառանգության ոչնչացման և բռնի տեղահանված բնակիչների վերադարձի խոչընդոտների մասին, հայտնում է «Երկրամասը»։ Հեղինակները տների ու հուշարձանների ավերումը կապում են հայրենիքում համայնքների կյանքի համար անհրաժեշտ պայմանների կորստի հետ։

Զեկույցը պատրաստել են «Արցախի միություն» ՀԿ-ն, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը»՝ ICLaw-ը, և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն։ Համահեղինակների թվում են «Արցախի միության» նախագահ Արտակ Բեգլարյանը և կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Աշխատանքին աջակցել են «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը»՝ ALC-ն, և ֆրանսահայ «Արցախին աջակցության ասոցիացիան»։

Ուսումնասիրությունն ընդգրկում է Արցախի այն տարածքները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո։ Հեղինակներն ուսումնասիրել են համացանցում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը, միջազգային լրատվամիջոցների լրագրողական հետաքննությունները, համադրել տարբեր ժամանակաշրջանների արբանյակային պատկերները։

Հետազոտողները հայտնում են, որ փաստագրել են հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ու դրանց տեսքի փոփոխության, բնակելի թաղամասերի և ամբողջ բնակավայրերի քանդման բազմաթիվ դեպքեր։ Հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը նրանք համակարգված են համարում։ Նրանց գնահատմամբ՝ այդ գործողությունները խաթարում են համայնքային հիշողությունը՝ հաջորդ սերունդներին խանգարելով ժառանգել հավատքն ու ազգային ավանդույթները։

Աշխատանքի առանձին բաժին հեղինակները նվիրել են ադրբեջանական «Մեծ վերադարձ» ծրագրով հայկական բնակավայրերի բնակեցմանը, որը նրանք ապօրինի են համարում։ Զեկույցում նկարագրված են քանդված հայկական տների տեղում կառուցված նոր շինությունները, ինչպես նաև հողին հավասարեցված թաղամասերը։ Կորցնելով բնակարանն ու գույքը՝ տեղահանված բնակիչները զրկվում են իրենց համայնքներ վերադառնալու նյութական հիմքից, ընդգծում են հետազոտողները։

Ադրբեջանի նկարագրված գործողությունները հեղինակները որակում են որպես մարդու իրավունքների խախտումներ և հանցագործություններ։ Նրանց կարծիքով՝ այդ գործողությունները հակասում են միջազգային նորմերին և Արցախի բնակիչների իրավունքներին վերաբերող՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի մի շարք որոշումների։

Կազմակերպությունները միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայկական ժառանգության և սեփականության հետագա ոչնչացումը, պահպանելու հուշարձաններն ու ապահովելու Արցախի ժողովրդի հասանելիությունը դրանց։ Վերադարձի իրավունքը, հեղինակների կարծիքով, ենթադրում է հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրական և երաշխավորված հնարավորություն։ Տեղահանված բնակիչների համար դա նշանակում է սեփական ինքնությունը պահպանելու և համայնքային կյանքը վերականգնելու հնարավորություն։