Հայաստանի Ազգային ժողովում Խաղաղության խորհրդի կանոնադրությանը կողմ քվեարկեց 90 պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներ։ Եվս 8 պատգամավոր ձեռնպահ մնաց, դեմ քվեարկողներ չեղան։ Նիստը հեռարձակվում էր խորհրդարանի յութուբյան պաշտոնական ալիքով։
Հունվարի 22-ին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, կանոնադրությունը ստորագրել են 19 երկրի, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։
Խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ Գազայի հատվածը կառավարելու համար։ Նախատեսվում է, որ այն նաև կանխելու և կարգավորելու է հակամարտություններն այլ տարածաշրջաններում։ Խորհրդի խնդիրն է միջազգային իրավունքին համապատասխան մշակել և կիրառել խաղաղության հասնելու մոտեցումներ։
Հայաստանը դարձել է Խաղաղության խորհրդի հիմնադիր պետություններից մեկը, սակայն չի ընդգրկվել դրա մշտական անդամների թվում։ Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն, երկիրը նախաձեռնությանը միացել է մինչև 3 տարի ժամկետով, ընդ որում՝ նրա համար պարտադիր անդամավճարներ սահմանված չեն։
Մշտական անդամակցության համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլարի անդամավճար մուծել։ Հայաստանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ կանոնադրությունը հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ է նախատեսում։ Այդ պարտավորությունների չափը չի բացահայտվում։