«Թրամփի երթուղու» ողջ երկայնքով անվտանգությունը կապահովի ստեղծվող ամերիկահայկական ընկերությունը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Միաժամանակ սահմանային և մաքսային հսկողությունը կմնա հայկական կողմի ձեռքում։ Նրա խոսքով՝ Երևանին պատկանում է բաժնեմասի 26%-ը, իսկ վերահսկիչ փաթեթ Հայաստանը չունի։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ այս երթուղու միջոցով Հայաստանում ստեղծում են «պետություն պետության մեջ»։
Շևցովը ենթադրել է, որ Հայաստանում կարող են տեղակայվել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ, հետախուզական և այլ ենթակառուցվածքներ։ Նման սցենարը նա կապել է այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ն վերահսկելու է «Թրամփի երթուղին»։ Նրա գնահատմամբ՝ դա «օրինաչափորեն հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով իրականացվող փոխադրումների անվտանգությունը»։
Շևցովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կկարողանա որպես պատժամիջոց արգելել Հայաստանում «Թրամփի երթուղով» բեռների փոխադրումը։